National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.12.2022
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
1 / 9

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Որպես առանձին կառույց` Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է արտաքին հետախուզական եւ հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբեր 22-ի արտահերթ նիստում: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նպատակ կա առանձին ծառայությունով ՀՀ-ում ձեւավորել հետախուզական համայնք, որտեղ կարեւորագույն դերակատարություն է վերապահվում արտաքին հետախուզական ծառայությանը:

Գերատեսչության ստեղծումը համահունչ է համաշխարհային փորձին` թե' աշխարհի առաջատար երկրների, թե' տարածաշրջանի երկրների, թե' մեր անմիջական հարեւանների օրինակով:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը` հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունների վրա, այլեւ կօգնի առավել ճկուն ու համարժեք արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվել են ծառայության լիազորությունները, համակարգը եւ կառուցվածքը, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները եւ ծառայության հետ կապված այլ երաշխիքները:

«Առկա է քաղաքական որոշում` ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով մենք հնարավորություն կստեղծենք այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, հատկապես` բարձր տեխնոլոգիական ոլորտում մասնագիտացված անձանց միանալ ծառայությանը»,- պարզաբանել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ի սկզբանե նախատեսվում էր դրույթ առ այն, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո` երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել: Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, նախագիծը ենթարկվել է լրամշակման, համաձայն որի` եռամյա ժամկետից հետո կդադարեցվի ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման գործունեությունը: Մնացած գերատեսչությունները կշարունակեն իրենց նման գործառույթը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված` նախատեսվում է լրացում կատարել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում` ծառայության պետին ավելացնելով Անվտանգության խորհրդի անդամների շարքում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ կառույցն առանձնանալով ձեռք կբերի ոչ միայն ինքնուրույն կայանալու հնարավորություն, այլ նաեւ կնվազեցնի իր գործունեությունը խաթարող անուղղակի խոչընդոտները:

Անդրադառնալով կառույցի կադրերի ընտրության հարցին` Արմեն Գրիգորյանը նշել է, որ նախագծում կա հատուկ կետ` ծառայության դպրոց ստեղծելու մասին, որպեսզի կադրերի մեծամասնությունը պատրաստվի Հայաստանում: «Մեր առաջնային խնդիրը հայկական դպրոցի ստեղծումն է: Մեր նպատակն է երկարաժամկետ այս ինստիտուտի կայացման ուղղությամբ կատարել մեծ ներդրումներ եւ կարողանալ անվտանգության ապահովման կարեւորագույն ինստիտուտներից մեկը կայացնել»,- շեշտել է նա:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ քննարկվում է անվտանգային համակարգի շրջադարձային բարեփոխումներից մեկի` Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հարցը, որն իրականացնելու է ՀՀ-ին, քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելուն ուղղված գործունեություն` կատարելով մեր երկրի կենսական շահերին առնչվող տեղեկատվությունների հավաքագրում ու մշակում: Նա ներկայացրել է որոշ տեխնիկական առաջարկներ:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ողջունել է Հայաստանի անվտանգային համակարգում բովանդակության, իմաստի եւ սկզբունքների փաստացի վերափոխումներին միտված նման նախաձեռնությունը:

Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` այս բարեփոխումներով հնարավորություն է տրվում ԱԱԾ-ին կենտրոնանալ մի քանի կարեւոր ուղղությամբ աշխատանքներում: Հնարավորություն է տրվում նաեւ Պետական պահպանության ծառայությանը` որպես առանձին ինստիտուտ կայանալու: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հասունացել է Պետական պահպանության ծառայության` որպես առանձին կառույցի ձեւավորման հարցը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am